ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

ՏՈՆԱՊԵՏ

ՏՈՆԱՊԵՏ
09.10.2009 | 00:00

Վրեժ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
ՊԱՏՄՎԱԾՔ
Մի օր խմելով ընկա ու կյանքից հետ մնացի: Հետ ընկածների խաժամուժի մեջ ինչ տեսակի մարդ ասես կար: Մեկը փիլիսոփա էր ու պնդում էր, որ կյանքը (մարդկային կյանքը նկատի ուներ) Աստծո երազի մթագնած դրվագն է: Եթե Աստված ուզենա հիշել իր երազը, կապիկներից այս կողմ եղածը կմոռանա: Ինչ մի հիշելու բան է, որ չմոռանա: Մեկ ուրիշը պարուսույց էր, ինքը չէր պարում, բայց բոլորին ստիպում էր, որ պարեն: Ասում էր. «Պարում ես, ուրեմն՝ ապրում ես»: Մի չարաճճի երեխա կյանքից հետ էր ընկել մանկապարտեզի վարիչի դեմ բռնություն գործադրելու և այնուհետև հրավիրված ոստիկանության աշխատակիցներին քաշքշելու համար: Արդյունքում երեխային հեռացրել էին էլիտար մանկապարտեզից: Խիստ համակրելի մի մարդ էլ հեռադիտակն աչքերին դրած դիտում էր: Հարցնում էին՝ ի՞նչ ես փնտրում: Ասում էր՝ ապագա: Պարզվեց՝ թուրք էր: Ոչ էլ պարզվեց՝ ինքն ասաց: Մեկն էլ կար՝ տոհմածառի առևտրով էր զբաղվում: Պատվիրատուի տրամադրած տվյալներից, իր երևակայության շնորհիվ, այնպիսի տոհմածառ էր հորինում, որ քեֆդ գալիս էր: Թռչում էր պատերազմների վրայով, դավաճանության ու կոտորածների վրայով, արյուն կուլ տալով ու անեծք արտաշնչելով, ամոթից մեռնելու փոխարեն հպարտանալով, ճյուղից ճյուղ թռչելով, չքավորի ուսերին արքայական թիկնոց գցելով, հասցնում էր արմատին: «Դու արքայական տոհմից ես»,- ասում էր և տոհմածառը մեկնում պատվիրատուին: Հատկանշական է, որ կյանքին համընթաց քայլող հարյուր հայաստանցուց իննսունինը ձեռք բերեց այդ տոհմածառերից: Այսօր հայոց արքայական տոհմերից սերված հայորդիները, աշխարհի քունջ ու պուճախներն ընկած, անտեղյակ ու միամիտ մարդկությանն իրենց ազնվազարմությունն են քարոզում: Հարգանք նրանց վեհ առաքելությանը:
Մի մարդ էլ կար՝ մեկ բառ գիտեր. «Սուտ է»: Փիլիսոփային լսում, լսում էր ու ասում. «Սուտ է»: Պարուսույցին ասում էր. «Սուտ է»: Տոհմածառերի օլիգարխին ասում էր. «Սուտ է»: Հարցնում էին. «Անունդ ի՞նչ է»։ Պատասխանում էր. «Սուտ է»: Որքան հասկացաք, ես կյանքից հետ ընկածների մեջ մնալու ցանկություն չունեի: Շատ ջանք թափեցի այդ տարածությունը լցնելու համար. պատմվածքներ գրեցի՝ մեկը մեկից լավ, դեսից-դենից քար, ավազ ու խիճ հայթայթեցի ու մի փոքրիկ, բայց հիասքանչ տուն կառուցեցի ծննդավայրումս, երկու երեխայի հայր դարձա՝ մեկը մեկից գերող, մեկին Չարենցի «Մահվան տեսիլը» անգիր անել տվեցի, մյուսին՝ Վարուժանի «Դարձը», չօգնեց: Ավելի հանճարեղ միտք հղացա. մի քանի սրտակեղեք պատկեր գտա հայի ու թուրքի մգլոտած թշնամության հուշադարանից, ճարեցի պատառիկներ բյուզանդացիներից ու պարսիկներից ապառիկով թագ ստացած մեր թագավորների փառահեղ կենսագրությունից, էդ ամենը ցողեցի «Սասունցի Դավիթ» էպոսի չպատմված արարների համ ու հոտով, Արարատի շնչով ու Արաքսի հառաչով և մի անզուգական ճառ հյուսեցի մեռնող և հառնող Հայրենիքի մասին: Խոսքը մեր մեջ, լավ ստացվեց. հային լացացնում էր, թուրքին՝ վախեցնում: Սփյուռքահայերը որ լսեին, կցնդեին: ՈՒսիս թփթփացրին, ասին՝ մեխել ես, հզոր է: Միայն այսքանը: Այդպես Հռոմի տիրակալներն էին քաջալերում գլադիատոր ստրուկներին: Այսինքն՝ դու քո տեղն իմացիր, մենք մերը գիտենք: Կյանքի ու իմ միջև ընկած այդ տարածությունն աչքի կամ ոտքի ճամփա չէր, ոչ էլ ծննդյան և մահվան օրերի միջև հեռավորություն: Դա մի սարսափելի զգացողություն էր՝ սառը, օտարոտի, խաբուսիկ, թյուրիմացաբար կանանց բաղնիքում հայտնված յոթանասնամյա տղամարդու թառանչ:
Ավելի գործնական և արդյունավետ բան ձեռնարկեցի՝ հագա զինվորականի համազգեստ, ուսադիրներիս աստղերը շատացրի-քչացրի, կուրծքս շքանշաններով ու մեդալներով լցրի և ձիով շախ հայտարարեցի: Ճիշտ հաշվարկ չէր, ձիս զինվորով կերան, և այդ չարաբաստիկ տարածությունը մնաց անփոփոխ: «Եթե ամեն ինչ նույնն է, տունը չի օգնում, պատմվածքը չի օգնում, ճառն ու շքանշանները չեն օգնում, ինչո՞ւ պետք է Տոնապետին չդիմեմ»,- մտածեցի:
Մինչև Տոնապետին դիմելը ինքս ինձ ասացի՝ արի մի հատ էլ խմելով ընկնեմ: Հա, նախօրոք ասեմ, որ Տոնապետը պապիս պապն է: Կերած-խմածս անուշ լինի:
Առավոտ կանուխ երկու ափ ջուր ցայեցի դեմքիս և դուրս ելա մթագնած ուղեղս վաղորդյան պաղով լվալու, մաքուր օդում անցած օրվա աղոտ դրվագները պարզելու մտադրությամբ: Եղանակն զգալու, առավել ևս նրա մասին դատելու մի պտղունց ցանկություն էլ չունեմ: Էնքան եմ բթացել, որ չեմ հիշում, թե ինչ պետք է հարցնեի Տոնապետին: Դուրս ելա-չելա, ի՞նչ տեսնեմ. ամբողջ քաղաքը վազում է՝ ծեր, երեխա, կին, հաստլիկ ու նիհար, սափրված ու չսափրված, կոկված ու չկոկված: Վազում են մայթերով, երթևեկելի փողոցով, մի մասը` հյուսիս, մյուսը՝ հարավ, արևելքից արևմուտք, արևմուտքից արևելք: Հաստատ երկրաշարժ չէր, ոչ էլ պատերազմ, որովհետև մարդկանց դեմքերին տագնապ չկար, վախ ու հարայ-հրոց չկար: Ճիշտ հակառակը՝ վազում էին համաչափ, ոտքերի և ձեռքերի շարժումները համաձայնեցնելով: Կարծեցի՝ սպիտակ տենդի մեջ եմ: Գլուխս ցնցեցի: Սա իմ քիթն է: Ականջներս տեղում են: Աչքերս բացում-փակում եմ՝ մութուլուսը կա: Տոնապետի կենսագրությունը, ճիշտ է, չեմ հիշում, բայց անունը հո հիշում եմ: Հիշում եմ, որ հայ եմ: Եթե դաշնակցական լինեի, առաջինն այդ պարագան կհիշեի: Հիշում եմ, որ տանը լիքը շքանշաններ ու մեդալներ ունեմ և մի անավարտ պատմվածք Տոնապետի մասին՝ առանց կենսագրության: Հիշում եմ, որ այս տարվա սկզբի՞ն էր, թե՞ վերջին, լիքը անձրևներ եկան: Նաև մի ստորագրահավաքի մասին եմ հիշում, բայց չեմ հիշում՝ ինքս ստորագրեցի՞, թե՞ ոչ:
-Էս ի՞նչ բան է,- հարցնում եմ մեկին և հետը վազում, որ պատասխանը լսեմ:
-Ի՞նչը,- հարցին հարցով պատասխանում է նա:
-Էս ո՞ւր է վազում հայ ժողովուրդը:
-Էս աշխարհից չե՞ս,- արհամարհական ասում է նա:
-Սասունցի եմ,- ասում եմ:
-Հա…,- հեգնում է նա:
-Ինչո՞ւ ասացիր՝ հա…,- սուտ բարկացած եմ խաղում:
-Որովհետև սասունցիք էս աշխարհից չեն,- ասում է:
-Մարսի՞ց են,- շարունակում եմ:
-Չէ, Սասնա աշխարհից են: Բոստոնում ծնվում-մեռնում են, բայց երևակայում են, թե ծնվել-մեռել են Սասունում:
-Սասունը՝ Սասուն,- ասում եմ,- բայց ինչո՞ւ եք վազում:
-Չե՞ս լսել:
-Ի՞նչը:
-Նախագահի խոսքը՝ հայ ժողովրդին հղված:
-Խմելով եմ ընկել,- ասացի։ -Չնայած, երբ խմելով չեմ ընկնում, էլի նախագահների խոսքը չեմ լսում:
-Բա ո՞ւմ խոսքն ես լսում:
-Ես ինձ համար խոսում և ինձ համար լսում եմ,- ասում եմ և զգում, որ շունչս կտրվում է:
-Առողջ ապրելակերպ,- ասում է նա,- ամեն առավոտ վազելու ենք:
-Բա հետո՞,- ասում եմ,- հետո՞ ինչով եք զբաղվելու:
-«Աշխատենք միասին», չե՞ս լսել,- ասում է նա:- Աշխատելու ենք, երեկոյան էլ ծառ ենք տնկելու:
-Ասենք՝ տնկեցիք, ջրեցիք,- ասում եմ,- բա հետո՞ ինչ եք անելու:
-Կյանքից հետ ես ընկել, սասունցի եղբայր,- ասում է նա:- Հետո էլ Արագածի ստորոտին շուրջպար ենք բռնելու:
-Հա, ճիշտ ես ասում, շունչս կտրվեց:
Խոստացա Տոնապետից խոսել, բայց ընկա այս մղձավանջի մեջ: Լավ բան է, երբ դու մի ազգի ներկայացուցիչ ես, որի իննսունինը տոկոսը թագավորական ցեղից է: Ինքս էլ փորձեցի շրջանցել Տոնապետին և հայտնվել որևէ արքունիքում: Չստացվեց: Մեր տոհմածառի արմատները ապառաժ քարին դեմ առան:
Տոնապետ անունով այս մարդը, որի ազգանունը պատմությունը հարմար չգտավ պահպանելու, չքավորների չքավորն է եղել: Բայց քանի որ սասունցի էր և ինքն իրեն շատ մոտ էր ապրում, որոշեց իր չքավորությունն ընտանիքից և ծննդավայրից հեռու թաքցնել: Մեն-մենակ գնաց հասավ Ամերիկա, ուր մարդու անցյալի հետևից չեն ընկնում, ուր չքավոր հային ու հարուստ թուրքին նույն աշխատանքն են հրամցնում՝ նույն աշխատավարձով: Այդ երկիրը Տոնապետին չհարցրեց, թե ինչ նպատակով է Սասունի նման հրաշք երկիրը թողել: Եթե հարցներ, հավատացեք, պապիս պապը մի այնպիսի պատասխան էր տալու, որ ԱՄՆ-ի այսօրվա նախագահն իր հաջորդ նախընտրական ճառի մեջ օգտագործելու էր:
Աշխատանք և աշխատավարձ. սա էր այդ երկրի եղած-չեղածը. այն, ինչ պետք էր իմ պապի պապին: «Է՜, Ամերիկա՜, Ամերիկա՜... Աստված քեզ այնքան խելք չտվեց, որ նրան քո երակների մեջ առնեիր: Եթե այդպես վարվեիր, այսօր համաշխարհային ահաբեկչության թիրախ չէիր դառնա, և ամերիկյան գրողական ընտանիքն այս պահին կունենար մեկին, ով սասունցի Տոնապետի բարոյականության թուրմը կաթիլ առ կաթիլ կներարկեր քո ինքնագոհ հասարակության ճահճացող արյան մեջ»։ Սա հատված էր Տոնապետի մասին իմ գրած կիսատ պատմվածքից: Չգիտեմ, թե ոնց եմ ավարտելու այս պատմվածքը: Կամ էլ կիսատ կթողնեմ: Մինչև էսօր սասունցու մասին գրված ոչ մի ավարտուն պատմվածք չեմ կարդացել: Եթե հոգուս մեղք անեմ ու շարունակեմ, մի լավ բան աշխարհում վատ կավարտվի: ՈՒրեմն իմ Տոնապետը չմտավ Ամերիկայի երակների մեջ, որովհետև իր աշխատածն իրենը չէր համարում և որովհետև արդեն իսկ որոշել էր, թե Սասուն վերադառնալիս Ամերիկայի մասին հայրենակիցների հարցախույզին ինչ էր պատասխանելու: «Ի՜նչ Ամերիկա, ի՜նչ պան՝ քրդու գոմ էր»:
Ամեն ինչ լավ կգնար, և Տոնապետն իր երեք տարվա վաստակն ընտանիքին կհասցներ, եթե Ամերիկայի միլիոնավոր նեգրերից մեկը նրանից պարտք չխնդրեր: Մի չնչին գումար, ասենք՝ մեկ ոսկի: Սևամորթը Տոնապետին հավաստիացնում է, որ մեկ ամսից կվերադարձնի: Անցնում է մեկ ամիս, երկու, երեք, սևամորթը չկա ու չկա: Ա՜յ քեզ բան: Տոնապետը գնում է պարտքը ստանալու, սևամորթը չկա: Ասում են, որ նա տունը ծախել ու Ավստրալիա է մեկնել: Եթե մինչև հիմա Տոնապետին լուռ ու մունջ, հանգիստ մարդ եմ ներկայացրել, սխալվել եմ: «Իմա՞լ,– կատաղում է նա,– նեգր խաբե զսասունցի՞ն»: Ասում է, ու էդ ասելն է... երեք տարվա վաստակը մսխելով՝ հասնում է Ավստրալիա, գտնում սևամորթին և իր մեկ ոսկին հետ ստանում: Հետո տանում էս սևամորթին մի երկու ոսկու պատիվ է տալիս: Չգիտեմ ինչ լեզվով նրան ասում է. «Մի խաբե զսասունցին, համ դուն իս մեղք, համ ինք»: Այս աշխարհում ոչ մեկը ոչ մեկին այնքան լավ չի հասկանում, որքան ես իմ Տոնապետին: Ինչպես չքավոր մեկնել էր Սասունից, այնպես էլ վերադառնում է: Ոչ մեկի հարցին չի պատասխանում: Մեկ ոսկին տալիս է կնոջը ու ասում. «Կնիկ, մի ծախսե, իմ պատիվն է»:
Այս էր ամբողջը, ինչ գիտեմ իմ պապի պապի մասին: Մնացածը նրա անվան մեջ է՝ Տոնապետ: Նրա արյունը մի քանի կոտորածների և պատերազմների միջով հոսելով՝ եկավ հասավ ինձ: Թե մեջս ինչպե՞ս է նա իրեն զգում, չգիտեմ: Երբեմն ինչ-որ բան է խլրտում իմ մեջ, բայց չեմ ջոկում՝ սի՞րտս է, թե՞ Տոնապետը: Կիսատ պատմվածքի մեջ նաև գրել էի. «Սևամորթը մեկ տարի մտածեց, երկու տարի մտածեց ու մեռավ»:
Գրեցի ու փոշմանեցի: Ինչո՞ւ պետք է սևամորթը մեռներ ինչ-որ սասունցու խաբելու համար: Եթե մի ամերիկյան ցնդած հոգեբան այս փաստը զններ, անկասկած, Տոնապետին սպանության մեղադրանք կառաջադրեր: Հետո էլ նրան, վարքից դատելով, անմեղսունակ կճանաչեր: Խեղճ Տոնապետը որքան էլ փորձեր բացատրել, Սասունի լեզվով, թե Ամերիկայի, որ երբեմն հազար ոսկով մի ոսկի հետ բերելը խենթություն չէ, չէր հաջողելու: Սասունն Ամերիկայում չէր հասկացվելու: Շատ լավ էլ գլխի եք ընկնում, որ խոսքը սևամորթի և Ամերիկայի մասին չէ: Աշխարհի աչքից հեռու գյուղում, ուր ես ծնվել եմ, մի քանի Տոնապետների արյուն է մեկտեղվել: Երկրորդ աշխարհամարտի տարիներին այդ մի քանի Տոնապետների թոռները իրենց գյուղի շուրջը սկսում են խրամատներ փորել: Հարևան գյուղացիները զարմացած հետաքրքրվում են՝ ինչո՞ւ:
«Իմա՞լ,- ասում են նրանք,- ֆաշիստի դեմն է կառնինք»:
Պատերազմի ժամանակ ծիծաղելը լավ բան չէ, բայց այս պատմության վրա ծիծաղեցին թե՛ կոմունիստները, թե՛ քողարկված դաշնակները: Հիմա այդ խրամատները կան: Խրամատի տեսք չունեն, բայց կան: Ժամանակ առ ժամանակ, երբ աշխարհից խռոված եմ լինում, գնում եմ գյուղ ու պառկում դրանց մեջ: Հիմա որ ասեմ, թե ինչն եմ ամենաշատը հիշում, դուք էլ ինձ վրա կծիծաղեք: «Լենինը շաբաթօրյակում»՝ այդպիսի նկար կար, նաև՝ տեքստ: Մի ծանր գերան ուսին դրած՝ Իլյիչն առաջնորդում է շաբաթօրյակի ելած դասակարգին: Շատ ճիշտ նկար էր և ճիշտ տեքստ: Այսօր էլ ես տեսնում եմ այդ նկարի վրա պատկերված մարդկանց, նաև Իլյիչի շալակած գերանի ծանրությունն եմ զգում: Տոնապետին հարցնելու բան չունեմ՝ խրամատի պատմությունը կուզենայի պատմել: Հաստատ չէր ծիծաղի՝ խորությունից կհարցներ, խրամատի և գյուղի հեռավորությունը կճշտեր, թշնամու հարձակման դեպքում տեղաշարժվելու վերաբերյալ խորհուրդներ կտար: «Եթե Հայաստանը Տոնապետի չափ խելք ունենար, հազար ոսկի կծախսեր, որ իր մեկ ոսկին հետ բերեր»,- սա կիսատ պատմվածքի վերջին նախադասությունն է: Ոնց կա, թող էդպես էլ մնա:
Վաղը, եթե խմելով չընկնեմ (մղձավանջից փախչելու իմ մեթոդն է), գնալու եմ իմ մեկ ոսկու հետևից: Ի տարբերություն Տոնապետի, ես իմ սևամորթ խաբեբային չեմ ճանաչում: Չգիտեմ՝ որտե՞ղ է նա այս պահին՝ վազո՞ւմ է, ծա՞ռ է տնկում, ճա՞ռ է արտասանում, թե՞ հայ-թուրքական հարաբերությունների մասին իր հազարերորդ աշխատությունն է կցում-կցմցում, շուրջպարի մե՞ջ է, թե՞ իր տոհմածառի արքունական ճամփեքն է զարդարում, գուցե այն զինվորն է, որն իմ ձին կերավ: Ով էլ որ լինի՝ տունս ծախելու եմ ու էդ փողով աշխարհը չափչփեմ: Պետք լինի՝ Մեղրի, Արցախ ու Ավստրալիա էլ կհասնեմ: Նրան չգտա, գնալու եմ պառկեմ մեր գյուղի խրամատների մեջ ու ամենքին լսելի ձայնով գոռալու եմ. «Մի՛ խաբեք զսասունցիք. հա՛մ դուք իք մեղք, հա՛մ ուրանք»:

Դիտվել է՝ 3974

Մեկնաբանություններ